Հնդկաստանում սուրճի արտադրությունը կարող է հասնել 8 տարվա նվազագույն մակարդակին
Ուշադրության կենտրոնումՀարավային Հնդկաստանի պլանտատորների ասոցացիան (UPASI) տեւական երաշտի պատճառով կանխատեսում է հաջորդ սեզոնում սուրճի արտադրանքի նվազում մինչեւ վերջին ութ տարիների նվազագույն մակարդակ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Գյուղատնտեսական տարվա ընթացքում, որը հոկտեմբերի 1-ից է սկսվում, արտադրությունը կարող է նվազել մոտավորապես մինչեւ 300 հազար տոննա։ Դա կլինի ամենացածր ծավալը 2009/2010 թվականներից, երբ բերքը կազմել է 289․6 հազար տոննա։
Ճշգրտում են, որ ընթացիկ սեզոնում սուրճի արտադրանքը կանխատեսվում է 316․7 հազար տոննայի մակարդակով։
Հնդիկ օդերեւութաբանների տվյալներով, այս ամռանը տեղումների ծավալը երկրում մոտավորապես 18 տոկոսով ցածր է եղել միջին մակարդակից։ Ընդ որում Կարնաթաքա նահանգում, որին բաժին է հասնում սուրճի ցանքատարածքների մոտ 70 տոկոսը, տեղումների քանակը 26 տոկոսով ցածր է եղել վերջին 50 տարիների միջին ցուցանիշից։
Հնդկաստանը այլ երկրներ է մատակարարում սուրճի 70 տոկոսը ու բերքի նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ արտահանման վրա։ Դա առաջացնում է մտահոգություններ, քանի որ երաշտի հետեւանքով արտադրությունը կրճատվել է նաեւ Բրազիլիայում։