Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնություն գործադրելու փաստերով
ՀասարակությունՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, Երեւանի բնակիչ Ռ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի հունիսի 19-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, որտեղ նույն բաժնի մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել, հայհոյել եւ նվաստացրել` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարված գողությունները: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում Ռ. Հ.-ին ծեծի ենթարկելու մասին Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաեւ վերջինիս մայրը` Ա. Ա.-ն:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ. Հ.-ն նաեւ հաղորդում է տվել ոստիկանության մեկ այլ բաժնի աշխատակիցների կողմից կատարված առերեւույթ հանցագործության վերաբերյալ: Մասնավորապես, Ռ. Հ.-ն հայտնել է, որ 19.05.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ժամանած Էրեբունու բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նշված բաժնի կողմից սպասարկվող տարածքում իր կողմից չկատարված գողությունները:
Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: