Գիշերային ակումբի մոտ ծեծկռտուքի գործը վերաբացվել է. այն քննում է ՀՔԾ-ն
Հասարակություն2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբի մոտ Կարեն Ք.-ն եւ Սարգիս Գ.-ն վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակ Կարեն Ք.-ի կողմից Սարգիս Գ.-ին հասցված հարվածներից անզգուշությամբ վնասվել է նաեւ նույն վայրում կայանված «Լենդ Կռաուզեր Պռադո» մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կողմերի հաշտության հիմքով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Հետագայում վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում:
Այնուհետեւ քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: