Կոլումբիան չի ընդունի Վենեսուելայի սահմանադրական վեհաժողովի «ապօրինի» ընտրությունների արդյունքները
ՄիջազգայինԿոլումբիան չի ընդունի Վենեսուելայի սահմանադրական վեհաժողովի «ապօրինի» ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, փոխանցում է Reuters-ը։
«Այդ վեհաժողովն ապօրինի է, եւ այդ պատճառով մենք չենք կարող ընդունել ընտրությունների արդյունքները»,-ասել է Սանտոսը՝ կրկին Վենեսուելայում անկարգությունների խաղաղ լուծման կոչ անելով։
Կոլումբիան նաեւ հայտնել է, որ հատուկ վիզա կհատկացնի ավելի քան 150 000 վենեսուելացիներին, որոնց վիզաների ժամկետը սպառվել է։ Վիզաները կերկարաձգվեն 90 օրով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ երկու տարով։
Վենեսուելայում ընտրությունները տեղի կունենան հուլիսի 30-ին։ Շատ բնակիչներ քվեարկության նախօրեին լքում են երկիրը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վեհաժողովի ընտրությունները կօգնեն կարգավորել երկրում իրադրությունը, որն արդեն 4 ամիս է, քաղաքական ճգնաժամի մեջ է։ Բողոքի ակցիաների ընթացքում 114 մարդ է զոհվել։