Արարատի մարզում անհետ կորած երիտասարդն աշխատում է թռչնաբուծական ֆաբրիկայում
Ուշադրության կենտրոնումԱրարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, հուլիսի 14-ին անհետ կորած Կաչաղ Մամոյանը բնակվում էր հորաքրոջ տանը, ծնողները դեռ տարիներ առաջ էին մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Դիտակի գյուղապետ Սուրեն Սրապոյանը:
«Կաչաղին եւ քույրերին հորաքույրն էր խնամում, հետո քույրերն ամուսնացան, մենակ Կաչաղը մնաց հորաքրոջ հետ: Նորմալ տղա է, բայց վերջին շրջանում հաճախ էր տնից բացակայում: Չարենցավանում խորթ հորաքույր ուներ, իրենց տուն էր գնում»,- ասաց գյուղապետը:
Կաչաղի մասին վերջին տեղեկատվությունը, գյուղապետի խոսքով, եղել է հուլիսի 12-ին. երիտասարդը զանգել է իր համագյուղացուն, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ, որից հետո անհետ կորել է:
«Ու արդեն տասն օրից ավելի է տեղեկություն չունենք: Հորաքույրն էլ այդ դարդից հիվանդացել է, անկողնային պառկած է»,- ավելացրեց Սուրեն Սրապոյանը:
Նշենք, որ Կաչաղ Մամոյանն աշխատում էր Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Կաչաղ Մուրազի Մամոյանը, որին հուլիսի 14-ին, ժամը 9.30-ի սահմաններում, հորեղբայրը Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհել է տուն՝ Դիտակ գյուղ, սակայն երիտասարդը տուն չի հասել եւ նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է»: