Երուսաղեմում բախումների հետեւանքով առնվազն 30 մարդ է տուժել
HeaderԱռնվազն 30 մարդ է տուժել Երուսաղեմում՝ անվտանգության ծառայության աշխատակիցների եւ պաղեստինցիների միջեւ բախման հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Jerusalem Post-ը։
Երուսաղեմի մահմեդականները բողոքում են Իսրայելի իշխանությունների որոշման դեմ, համաձայն որի՝ մետաղորսիչներ են տեղադրել Տաճարի լեռան մուտքի մոտ։
Պարբերականի տվյալներով՝ բախումները սկսվել են Առյուծի դարպասների մերձակայքում՝ հերթական աղոթքից հետո։ Աղբյուրները նշում են, որ 34 պաղեստինցի է տուժել։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երկու ոստիկան է տուժել։ Նա նաեւ հավելել է, որ բախումների մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր եւ «Մոլոտովի» կոկտելներ են նետել։
Մետաղորսիչները տեղադրվել են, երբ ուրբաթ Տաճարի լեռան մերձակայքում հարձակվել են Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա։