Թեհրանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման երեկո ոչ հայ լսարանի համար
ՄշակույթՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի շրջանակներում Թեհրանի հայոց թեմի կրթական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է բանախոսական երեկո հայկական դպրոցների իրանցի տեսուչների, ուսումնադաստիարակչական տարբեր պատասխանատուների և ոչ հայ լսարանի համար: Այս մասին տեղեկացանք «Ալիք» օրաթերթից: Միջոցառմանը ներկա են գտնվել Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, թեմական խորհրդի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի ու ազգային մարմինների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել իրավաբան Թալին Բանդարին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու դեպքում կկանխվեն հետագա ցեղասպանությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է փաստավավերագրական տեսաֆիլմ: Ցեղասպանության վերաբերյալ տարբեր ելույթներ են հնչել:
Պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն իր ելույթում արդարություն է պահանջել, նաև անդրադարձել է ԻՊ-ի ոճրագործություններին, ինչին նպաստում են Թուրքիան և որոշ երկրներ:
Վերջում խոսքով հանդես է եկել թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ին Ս. Էջմիածնում հայ նահատակների սրբադասման արարողությանը: Նա նաև ավելացրել է. «Հայոց ցեղասպանության հիմնական դրդապատճառները, կրոնական լինելուց բացի, առավելապես քաղաքական էին»: