13 տղաների մայրը երդվել է այնքան ծննդաբերել, մինչև դուստր ունենա
ՄիջազգայինԵրբ ֆերմեր Իրենեու Կրուզը և իր կին Ջուքսիլեյդա Սիլվան պատրաստվում էին առաջնեկի ծնունդին, նրանք պայմանավորվել էին, որ տղաների անուններն ընտրելու է ամուսինը, իսկ աղջիկներինը՝ կինը: 20 տարիների ընթացքում բրազիլացի ամուսինները 13 երեխա են ունեցել, և կինը չի որոշել նրանցից ոչ մեկի անունը, քանի որ 13-ն էլ տղա են: Մեծ տղան արդեն 18 տարեկան է, իսկ փոքրը՝ մի քանի ամսական: Լինելով ֆուտբոլի մոլի երկրպագու՝ հայրը բոլոր տղաներին ֆուտբոլիստների անուններ է տվել: Ընդ որում, բոլորի անուններն սկսվում են «Ռ» տառով. Ռեյնան, Ռուբենս, Ռիվալդո, Ռոնալդու և այլն:
13-րդ տղայի ծնունդից հետո զույգը երդվել է այնքան երեխաներ ունենալ, մինչև աղջիկ ծնվի: Գիտնականները նշում են, որ անընդմեջ 13 տղա ունենալու հավանականությունը կազմում է 1/8000, ինչն այս ընտանիքին դարձնում է աշխարհի ամենայուրահատուկ ընտանիքներից մեկը: