Խոշոր հրդեհ Այգեհովիտում. ամուսինները 4 անչափահաս երեխաների հետ դրսում են հայտնվել
ՀասարակությունՏավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքում բնակվող Շախպարյաններն արդեն 2 շաբաթից ավելի է՝ դրսում են հայտնվել. հուլիսի 6-ին բռնկված հրդեհի հետեւանքով Շախպարյանների տունն ամբողջությամբ այրվել է:
«Մենք տանը չենք եղել, երեխաներն էլ հարեւանի տուն էին գնացել՝ հաց ուտելու, այդ ընթացքում էլ հրդեհ է բռնկվել: Մինչեւ ԱԻՆ են կանչել, տունն ամբողջությամբ այրվել է, ոչ մի բան չի մնացել, նույնիսկ մեր փաստաթղթերն են այրվել: Ամբողջը մոխրացել է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ընտանիքի մայրը՝ Գեղեցիկ Հարությունյանը:
Շախպարյան ամուսինները չեն աշխատում, 4 անչափահաս երեխա ունեն: Ամբողջ սեփականությունը կորցրած ընտանիքը հույս ունի, որ պետությունն ու բարերարները կօգնեն՝ նոր տուն ձեռք բերելու հարցում:
«Գյուղում մի տուն ենք գտել, որը վաճառվում է 10 հազար դոլարով: Հույս ունենք, որ մարդիկ կօգնեն, մի բան կանենք, դրսում չենք մնա: Մարզպետարանն էլ իր հերթին 400.000 դրամ է տրամադրել»,- ասաց Գեղեցիկ Հարությունյանը:
Ընտանիքին օգնելու համար Կոնվերս բանկում բացվել է հետեւյալ հաշվեհամարը՝
1930054969330100