Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի հարցում դեռ մի շարք խնդիրներ կան. տրանսպորտի նախարար
ՄիջազգայինԻրան-Հայաստան երկաթգծի նախագծի հարցում դեռ մի շարք խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում չկա, բայց դա չի նշանակում, որ դրա մասին վերջնականապես մոռանալու են: «Կան մի շարք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Թույլ տվեք առայժմ չնշել, թե հատկապես ինչ խնդիրներ են դրանք»,- հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Մարտիրոսյանը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հանդիպում է նախապատրաստում Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ: Դրա ղեկավարները նախարարության հետ հուշագիր են ստորագրել դեռեւս 2013 թվականին, եւ այն արդեն պետք է տեխնիկատնտեսական հիմնավորում նախապատրաստեր: Բայց հանդիպումը դեռեւս չի կայացել: Շինարարությունը նախկինի պես 3.2 մլրդ դոլար է գնահատվում՝ նոր երթուղով հատվածի համար (իրանական սահմանից դեպի Սեւանա լճի ափ, որտեղ այն միանալու է գործող գծին) :