Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի
HeaderԹուրքիայի հարավ-արեւելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով առնվազն 30 մարդ է մահացել: CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ, շուրջ 100 մարդ վիրավոր է:
Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով, ահաբեկչությունն իրականացրել է 18-ամյա մի աղջիկ, որը Շանլիուրֆա գավառի Սուրուչ քաղաքի Ամար մշակութային կենտրոնի մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործի դրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այստեղ սոցիալիստների Երիտասարդական ֆեդերացիայից շուրջ 300 երիտասարդ է բնակվում:
Ըստ Hurriet պարբերականի, պայթյունը որոտացել է այդ կազմակերպության ուսանողների ելույթի ժամանակ, որի ընթացքում նրանք պատրաստվում էին հայտարարել, որ մեկնելու են սիրիական Քոբանի քաղաք՝ մասնակցելու այն վերականգնելու աշխատանքներին:
Առայժմ ծայրահեղական ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն իրավապահները կարծում են, որ դրա հետեւում կանգնած են ԻՊ-ի զինյալները: