Գյումրիի դանակահարության հետքերով. կասկածյալը ձերբակալվել է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Գյումրիում 35-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առիթով: ՔԿ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է:
Հուլիսի 9-ին ժամը 20:00-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1982 թվականին ծնված Սամվել Հովհաննիսյանը:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Գյումրիի բնակիչ է՝ ծնված 1996 թվականին: Հուլիսի 10-ին նա ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ :