ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է ոչ թե խոստումներ , այլ կոնկրետ քայլեր. Լեհաստանի դեսպան
Ուշադրության կենտրոնումԵվրամիությունը Հայաստանից ակնկալում է ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր։ Այս մասին հուլիսի 5-ին «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» միջազգային գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։
Խոսելով այս տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք Շրջանակային համաձայնագրի մասին՝ դեսպանն ընդգծեց. «Մենք պատրաստ ենք։ Մեր դռները բաց են Հայաստանի համար։ Մենք սպասում ենք փաստաթղթի ստորագրվելուն եւ, ինչպես ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայ գործընկերների կողմից մենք կոնկրետ քայլերի ենք սպասում։ Մենք ակնկալում ենք ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր»։
Պատասախնելով հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե փաստաթուղթը չստորագրվի, դիվանագետը նշեց. «Իհարկե, մենք կշարունակենք երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն երկխոսությունների տարբեր տեսակներ գոյություն ունեն՝ բարեկամական երկխոսություն, սովորական երկխոսություն եւ սառը երկխոսություն։ Եվ վերջինը «զենքի երկխոսությունն է»։ Մենք հայ-եվրոպական մեծ երկխոսության հույս ունենք։ Դա կախված է երկու կողմերից, ինչպես նաեւ մեր համաձայնությունների հստակ իրականացումից»։