Արտուշ Գաբրիելյանը 6 ժամով հեռացրեց «Սասնա Ծռերի» 15 անդամներին
ՀասարակությունԵրեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը վեց ժամով հեռացրեց «Սասնա Ծռեր»զինված խմբի 18 անդամներից 15-ին:
Դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում, քանի որ ամբաստանյալները հրաժարվել են կանգնել: Դատարանը սանկցիա չկիրառեց միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար: Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաեւ պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Դավիթ Գյուրջյանի, Կարապետ Բադալյանի նկատմամբ:
Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: