Կուրսանտի սպանության գործով առանցքային վկան դուրս է եկել ՀՀ տարածքից
ՀասարակությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առանցքային վկան Հայաստանի Հանրապետությունում չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հերթական դատական նիստի ավարտին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ առանցքային վկա Սամվել Սերոբյանը 2017թ. ապրիլի 1-ին ՀՀ տարածքից Բավրայի մաքսային անցակետից դուրս է եկել:
Նշենք, որ այսօր դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա, կուրսանտ Արշակ Մարտիրոսյանը:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։