Խողովակները խցանված են եղել, դրա համար էլ ջուրը հավաքվել է. Ճարտարապետը՝ Երեւանի հեղեղումների մասին
ՀասարակությունԱնձրեւներից հետո ջրի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման համակարգի այդ հատվածները աղբի մեջ կորած են, վիճակը ողբալի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, ամենօրյա լուրջ աշխատանք է պետք, որ այդ խողովակները, ցանցերը մաքրվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա պատճառը սովորական անփութությունն է եւ ամեն ինչ չի կարելի պետության վրա բարդել:
«Շենքերի թեքությունները չեն պաշտպանվում, բոլորն արված է մոտավորապես հենց այդ կառուցապատողների պատճառով, եթե նախագծերին հետեւեն, նման բան չի լինի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն իր հերթին նշեց, որ գոյություն ունի գլխավոր հատակագիծ հասկացություն, որտեղ արտացոլվում են բոլոր խնդիրները. «Խնդիրը ոչ ճիշտ շահագործման հետ է կապված, հորանները պետք է մաքուր պահել: Հետեւողական պետք է լինել այս խնդիրներում, հակառակ դեպքում այդ ամենը կարող է կրկնվել: Խողովակները խցանված են եղել, դրա համար էլ ջուրը հավաքվել է»:
Նշենք, որ 2 օր առաջ Երեւանում տեղացած հորդառատ անձրեւի ու կարկուտի հետեւանքով ջուրը լցվել էր գետնանցումները, թունելները եւ անանցանելի դարձրել երթեւեկությունը: Բնապահպան Կարինե Դանիելյանը NEWS.am-ին հայտնել էր, որ հորդառատ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով Երեւանում ստեղծված վիճակը սխալ քաղաքաշինության հետեւանք է. «Քաղաքի սելավատարը՝ Գետառը, փակել ենք, սելավընդունիչները քաղաքի հյուսիսային հատվածում կառուցապատել ենք, դրենաժային համակարգը խախտել ենք դարձյալ կառուցապատումներով եւ բացարձակ հաշվի չենք առել, որ կլիմայի փոփոխություններ են տեղի ունենում»,-ասել էր նա: