ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին 32 հայտ է եղել
ՀասարակությունՀունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում բացվել են դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։ Ըստ այդմ մրցույթին դիմել է 32 ՀԿ։ Հայտերից 11-ը ստացվել են «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում, 5-ը՝ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում, 4-ը՝ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում, 7-ը՝ «Մաքուր Հայաստան», 1-ը՝ «ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր», 4-ը՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգերում։
Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ներկայացված հայտերը եւ կորոշեն հաղթողներին։