Ի՞նչ խնդիր են լուծում հնդկական սերիալները. Արմեն Ամիրյանը նոր ծրագիր է առաջարկում
ՄշակույթՀեռուստատեսությունների համար սերիալները ֆինանսների եւ դիտողականության խնդիր են լուծում: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, լրագողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հայկական հեռուստաալիքներով հնդկական սերիալների առատությանը:
Նրա խոսքով, հեռուսատեսության, ինչպես նաեւ գիտության, արվեստի բոլոր տեսակները պետք է առաջնորդվեն ոչ թե պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձեւավորեն պահանջարկ. «Այս առումով Մշակույթի նախարարությունը ծրագիր ունի, եւ մենք համագործակցում ենք տարբեր մասնավոր հեռուստաընկերությունների հետ: Մասնավորապես, սեպտեմբերից Հանրային հեռուստատեսությամբ հետ մենք արտադրում ենք մի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար, ուշադրություն դարձրեք՝ չեմ ասում սերիալ, որպեսզի իր որակով այդ բազմասերիանոց կինոնկարը հակակշիռ դառնա այն սերիալներին, որոնք այսօր եթերում գոյություն ունեն»:
Նա նշեց, որ այդ ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է (Կյանք ու կռիվ ֆիլմի ռեժիսորը-խմբ):