Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից
ՀասարակությունԵռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից:
Հունիսի 2-ին վերջիններս հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ:
Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը բացման խոսքում նշել է. «Կարեւում ենք Հայաստանի եւ Իսրայելի միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ երկու երկրների միջեւ զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից ունի նաեւ երկու ժողովուրդների միջեւ միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման եւ զարգացման նշանակություն»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի եւ Իսրայելի միջեւ զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:
17 զբոսաշրջային օպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է Արմենիա ավիաընկերության կողմից: