Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ նախկին պաշտոնյան. ՀՔԾ
ՀասարակությունՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից եւ նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն:
ՀՔԾ-ից NEWS.am_ին հայտնում են, որ համաձայն հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի, Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու եւ նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց նրա հարազատներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք: Ըստ Ա. Մ.-ի հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցն իր հարազատներից նախապես պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի եղբորից եւ կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի մի մասը` շուրջ 3000 ԱՄՆ դոլար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: