Թանգարանների եվրոպական գիշերը՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում
ՀասարակությունԱյս տարի մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում: Արգելոց-թանգարանի Գիշերվա այցելուները մինչեւ կեսգիշեր հնարավորություն կունենան բացի մշտական ցուցադրությունը դիտելուց եւ միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Վան. Կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց առաջին մայրաքաղաք Վանին: Թանգարանին կից բացօթյա սրահում կլինեն Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ դասախոսություններ:
Իրիկնամուտին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան երաժշտական ու պարային կատարումներով, նաեւ կցուցադրեն Վանի ազգային տարազը: Այնուհետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի Վանի ժողովրդական երգ ու պարի, ծեսերի գեղեցիկ բեմադրություններ:
Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում զբոսնելով:
«Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2017թ. կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: