Ադրբեջանում դատում են փախստականների անտանելի կենսապայմանների դեմ բողոքողներին
ՀասարակությունԱդրբեջանում դատում են մի խումբ փախստականների, որոնք համարձակվել են բողոքել անտանելի կենսապայմանների դեմ :
contact.az-ը հայտնում է, որ 5 փախստականների դեմ հարուցված գործի քննությունն ավարտվել է, նրանք կալանավորվել էին Բիլասուվարի շրջանում բողոքի ակցիային մասնակցելու համար: Ակցիայի ընթացքում ձերբակալված Ջալալ Գուլիեւը, Զաուր Ֆեյրուզլուն, Գյուլաղա Ալիմամեմդովը, Ուլվի Գուլիեւը եւ Իլքին Իսքենդերովը մեղադրվում են ՔՕ մի քանի հոդվածներով՝ ուրիշի գույքի ոչնչացում, հասարակական կարգի խախտում, իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության համար վտանգավոր ուժի կիրառում: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում :
2016 թվականի դեկտեմբերի 22-ին Բիլասուվարի շրջանում տեղակայված փախստականները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ պարտքերի պատճառով էլեկտրականության անջատման: Նկատի ուենալով բնակավայրում գազի բացակայությունը՝ ձմռանը հոսանքի անջատումը հազարավոր մարդկանց կյանքն անտանելի էր դարձրել: Իշխանությունները ցուցարարներին ցրելու համար ոստիկանական ուժեր են կիրառել, ոստիկանների եւ բնակիչների միջեւ տեղի էին ունեցել բախումներ: