Բժիշկները զգուշացնում են սուշիի վտանգավորության մասին. պորտուգալացու ստամոքսից մակաբույծ որդեր են հանել
Հասարակություն32-ամյա տղամարդը բժիշկներին է դիմել տենդով, որը շարունակվել է մեկ շաբաթ, նաեւ էպիգաստրալ հատվածի ցավերով եւ փսխումով: Արյան անալիզը ցույց է տվել օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայություն:
Նախապես հիվանդության պատճառը պարզ չէր, սակայն երբ տղամարդը հայտնել է, որ թվարկված ախտանշանների հայտնվելուց առաջ սուշի է կերել, բժիշկները նրա մոտ անիզակիդոզ են կասկածել՝ մակաբուծային հիվանդություն, որն առաջացնում են Anisakidae ընտանիքի կլոր որդերի թրթուրները, որոնք մարդու օրգանիզմում են հայտնվում հում կամ քիչ աղի ծովային ձկան միջոցով:
Էնդոսկոպիական հետազոտության ընթացքում գիտնականները տղամարդու ստամոքսի ներքին պատի բորբոքված հատվածում դրան կպած մակաբույծ որդի թրթուր են հայտնաբերել: Որդը հեռացնելուց հետո տղամարդու վիճակը կարգավորվել է:
Հոդվածի հեղինակները գործընկերներին կոչ են անում ակնդետ ուշադրություն դարձնել վերջին օրերին սուշի կերած հիվանդներին, որոնք բողոքում են ցավից, սրտխառնոցից եւ փսխումից: Ճապոնական խոհանոցի հանրահայտության աճը համընկել է մակաբույծներով վարակվելու դեպքերի քանակի մեծացման հետ, որը կարող է օրգանների ծակոտում, արյունահոսություն, որովայնաթաղանթի բորբոքում (պերիտոնիտ) եւ անաֆիլակտիկ շոկ առաջացնել: Նախկինում նման դեպքերը հազվադեպ էին, քանի որ ձուկը, որպես կանոն, ջերմամշակման էր ենթարկվում, որը մակաբույծներին սպանում է, սակայն սուշին պատրաստելիս հաճախ հում ձուկ է օգտագործվում, որը կարող է վարակված լինել: