Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է. Արայիկ Հարությունյան
HeaderԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետը կարեւորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ:
«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, եւ շատ կարեւոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Արայիկ Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադարձել է հիմնական խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին: