Արցախում 10 ամսում Ադրբեջանի զինուժի արձակված կրակոցներից 20 զոհ է եղել. Ռուբեն Մելիքյան
Ուշադրության կենտրոնում
Արցախում 2016 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2017 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհվել է 20 անձ: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Դա մենք համարում ենք շատ մեծ թիվ: Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար թույլ է տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Մեր խնդիրն է միջազգային հանրության համար հասկանալի լեզվով իրավիճակը մատուցել, ներկայացնել տեղեկատվություն այդ խախտումների մասին, ինչը եւ մենք անում ենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանն ու հավելեց. «Վերջին ամիսներին լարվածությունը սահմանին ոչ կայուն է եղել՝ լարված շրջան էլ է եղել, առավել խաղաղ էլ։ Բայց պետք չէ դրան ուշադրության դարձել, այդ լարվածությունը պետք է օգտագործել առավել ուժեղանալու համար»:
Նրա խոսքով, առաջնահերթություն է ապրիլյան պատերազմից բխող մարդու իրավունքների խախտումներին ուղղված աշխատանքը, որի վերաբերյալ հրապարակվել է միջանկյալ զեկույցը: «Այստեղ կարեւորն այն է, թե ինչ կարող ենք մենք անել, որն է մեր մանդատը: Մենք իրականացրել ենք փաստահավաք առաքելություն, այն ներկայացրել միջազգային հանրությանը, խնդիրը բարձրաձայնել ենք։ Շուրջ 23 գործ արդեն կոմունիկացվել է ՄԻԵԴ-ի կողմից, ինչը քիչ գործ չէ։ Գազանություններն ու վայրագությունները կատարվեցին, արձանագրված է մեր կողմից»,-ասաց նա եւ նշեց, որ նյութի պատրաստումը եղել է միջազգային ստանդարտներով եւ որպես տեղեկատվական աղբյուր օգտագործվել է ժամանակակից իրավապաշտպանների կողմից: