Հայտնաբերվել է առավոտյան դժվար արթնանալու պատճառը
Life8-ժամյա քունը միջին վիճակագրական մարդու համար քնի անհրաժեշտ չափաբաժինն է: Սակայն միշտ չէ, որ մարդը կարողանում է այդքան քնել: Ավելին, մարդկանց մեծամասնությունը նույնիսկ քնի նման ռեժիմի դեպքում դժվարությամբ է արթնանում առավոտյան: Իսկ ինչու՞ է այդպես լինում:
Բոլոր մարդիկ տարբեր են: Մեզանից ոմանք արտույտներ են, ովքեր կարողանում են շուտ քնել ու վաղ արթնանալ, իսկ մի մասն էլ բու են՝ քնում են ուշ և ուշ էլ արթնանում են: Մարդկանց երրորդ խումբն էլ այս երկուսի մեջտեղում տեղավորվածներն են: Սակայն, չնայած այս բոլոր տարբերություններին, շատ քիչ մարդիկ են իրականում սիրում արթնանալ վաղ լուսաբացին:
Եվ ահա, քնի ուսումնասիրությամբ զբաղվող առաջատար մասնագետները պարզաբանեցին այս հարցը: Մասնավորապես, Օքսֆորդի համալսարանի գիտնականը նշում է, որ մարդկանց աշխատանքային գրաֆիկը լուրջ հակամարտության մեջ է մարդու կենսառիթմերի հետ: Սա կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այդ թվում՝ մտավոր ու ֆիզիկական խանգարումների, լարվածության, սթրեսի, քաշի ավելացման ու արյան բարձր ճնշման: Եվ այսպես, վաղ սկսված աշխատանքային օրը կարող է վնասել մարդու առողջությունը: 8-10 տարեկան երեխաների դասերը պիտի մեկնարկեն ոչ շուտ, քան 8:30, իսկ 16-18 տարեկան աշակերտների դասերը պիտի մեկնարկեն առավոտյան 10-ից ոչ շուտ: Չափահաս մարդիկ ևս ավելի կշահեն, եթե ուշ արթնանան: Ըստ գիտնականների՝ 18-55 տարեկան տարիքային խմբի մեջ մտնող մարդիկ իրենց աշխատանքային օրը պետք է սկսեն առավոտյան 10-ին կամ դրանից հետո: Հետազոտողները նշում են, որ հեռախոսների, համակարգիչների դիմաց մեր անցկացրած ժամերը կարող են բացասաբար ազդել մեր քնի որակի վրա: Այդ պատճառով քնից մեկ ժամ առաջ անջատեք ձեր բոլոր սարքավորումները, ինչը կդարձնի ձեր քունն առողջ ու հանգիստ: Եվ վերջապես, ժամանակն է փոխել աշխատանքային ժամերը, որովհետև բնությունն ամենագետ է, ու մենք չենք կարող հակադրվել նրա օրենքներին: