Սյունիքում վթարից մահացած քրոջ ու եղբոր հուղարկավորությունը տեղի կունենա միասին (ֆոտո)
ՀասարակությունՍյունիքի մարզում մայիսի 4-ին առավոտյան ողբերգական վթարի հետեւանքով մահացած քույր ու եղբայր Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյաններին կհուղարկավորեն հայրենի Որոտան գյուղում:
NEWS.am-ին Որոտանի գյուղապետարանից հայտնեցին, որ չնայած Աստղիկն ամուսնացած էր եւ առանձին էր ապրում, որոշել են հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպել միասին Որոտանում:
Նշենք, որ 21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից Գորիս ընթանալիս մեքենայով մոտ 50 մետր գնալուց հետո դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարորդը ձերբակալվել է։


