Թուրքիայում տարածված թռչնագրիպը վտանգավո՞ր է Հայաստանի համար
ՄիջազգայինԹուրքիայում վերջին ամիսներին թռչնագրիպի բռնկում է գրանցվել: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին այս հիվանդության դեպքեր չեն գրանցվել, բայց վտանգը ամեն դեպքում կա, քանի որ Հայաստանը Թուրքիային բավական մոտ է:
Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ Թուրքիայից Հայաստան թռչնամիս եւ ձու չի ներկրվում: Նախկինում ներկրվում էին միայն մեկ օրեկան բրոյլեր մսատու տեսակի ճտեր, բայց դրանց ներկրումն էլ է դադարեցվել եւ չի վերականգնվի, մինչեւ կարանտինը հարեւան երկրում չհանվի:
Բացի այդ, քանի որ հիվանդությունը չվող թռչունների միջոցով էլ է տարածվում, պետք է քայլեր ձեռնարկել՝ ողջ տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում այդ գրիպի ներթափանցումը եւ տարածումը կանխարգելելու համար:
Հայաստանը, Սերգեյ Ստեփանյանի խոսքով, արդեն նման փորձ ունի, քանի որ մասնակցում էր 2005-2006 թվականին մասնակցում էր նույն հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումներին:
Մայիսի 7-ին Հայաստանում խորհրդակցություն էր անցել՝ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վարչության հետ համատեղ՝ թռչնագրիպի կանխարգելման միջոցառումների մասին: Ինչպես նշեց Սերգեյ Ստեփանյանը, ամենայն հավանականությամբ, մասնագիտացված տնտեսությունները կանցնեն փակ արտադրական ցիկլի եւ հնարավորինս կնվազեցվի դրանց կապը արտաքին աշխարհի հետ: Ավելորդ չի լինի նաեւ ռիսկային գլխաքանակի վակցինացիա կազմակերպել: Կձեռնարկվեն նաեւ բոլոր այն միջոցառումները, որոնք առաջարկվում են միջազգային առողջապահական կազմակերպության կողմից:
Ամեն դեպքում, մասնագետը խորհուրդ է տալիս զգույշ լինել եւ հում կամ կիսաեփ միս կամ ձու չուտել՝ վարակներից եւ մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար: