Նորաշենի գյուղապետի վարորդը վիրավորում է ստացել ոտքի եւ ողնաշարի շրջանում. Նա վիրահատվել է
ՀասարակությունԱրարատի մարզի Վերին Արտաշատից Արտաշատ տանող ավտոճանապարհին հրազենային վիրավորում ստացած Կարեն Ղազարյանը, որը Նորաշենի գյուղապետի վարորդն է, վիրահատվել է, գտնվում է Արտաշատի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները:
33-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացել ոտքի եւ ողնաշարի շրջանում:
«Մենք էլ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Գիտենք միայն, որ ինչ որ մեքենա է դեմը կտրել ու սկսել կրակել Կարենի վարած մեքենայի ուղղությամբ»,- ասացին հարազատները:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 3-ին ժամը 19.10-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կ.Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վերին Արտաշատից դեպի Արտաշա տանող ավտոճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կ.Ղ.-ի վարած մեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել վերջինիս ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մեքենայի մեջ եղել է Նորաշենի գյուղապետը, իսկ հրազենային վնասվածք ստացածը նրա վարորդն է: