Բողոքի ակցիայի ժամանակ Վենեսուելայում 11 մարդ է զոհվել
HeaderՎենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ զանգվածային բողոքի ակցիայի ֆոնին կողոպուտի ու բռնության հետեւանքով ուրբաթ օրը գիշերը 11 մարդ է զոհվել: Սա զոհերի ամենամեծ թիվն է երեք շաբաթ տեւած բողոքի ցույցերի մեկ օրվա ընթացքում, հաղորդում է BBC-ն:
Մի դեպքում Կարակասի հարավային շրջաններից մեկում փուռը կողոպտելու փորձի ժամանակ 10 մարդ է սպանվել: Տեսագրությունում երեւում են զրահապատ ավտոմեքենաներով ոստիկանները, որոնք փորձում էին դրությունը վերահսկողության ներքո վերցնել:
Մյուս միջադեպի ընթացքում մայրաքաղաքի մերձկայաքում մեկ մարդ է զոհվել, որին գնդակահարել են ակցիայի ավարտին:
Վենեսուելայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ մասնակցել են մայրաքաղաք Կարակասի եւ երկրի եւս քսան քաղաքներում տեղի ունեցող զանգվածային ակցիաներին: Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել ու բանտից ազատել ընդդիմության առաջնորդներին: