Նոր Զելանդիան պատրաստվում է վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկին
HeaderՆոր Զելանդիան պատրաստվում է վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկին, տեղական իշխանությունները մարդկանց տարհանման կարգադրություն են արել, երկրի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է New Zealand Herald-ը:
Տեղական օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ «Կուկ» ցիկլոնի մոտենալու պատճառով որոշ շրջաններում տեղատարափ անձրեւներ, մինչեւ 5 մետր բարձրությամբ ալիքներ, մակնընթացություններ են սպասվում եւ վայրկյանում մինչեւ 41 մետր արագությամբ քամիներ:
Փակվել է մոտ 300 ուսումնական հաստատություն, երկրի շատ շրջաններում էլեկտրաէներգիայի ընդհատումներ են լինում: Բնակիչներին հրահանգվել է առաջին անհրաժեշտության իրեր պաշարել: Երկրի ներսում մասնակի ընդհատվել է ավիահաղորդակցությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ Կորոմանդա թերակղզում եւ Բեյ-օֆ-Փլենթի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, բնակիչները տարհանվելու ցուցում են ստացել: Օդերեւութաբանները նախազգուշացնում են «Դեբի» ցիկլոնի համեմատությամբ տեղումների «ֆենոմենալ» քանակի մասին: Նշվում է, որ ցիկլոնը շրջանցել է Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենդ քաղաքը: