Արագածում ՀՀԿ-ի պարտված թեկնածուն փակել է մանկապարտեզը և անջատել լուսավորությունը. գյուղապետը պարզաբանում է
Հասարակություն«Սուտ է, ամոթ է նման բան չկա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամավիրի մարզի Արագած համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանն` անդրադառնալով այն լուրերին, որ գյուղի մանկապարտեզը փակել է ՀՀԿ-ական պարտված թեկնածու Հրանտ Գրիգորյանը: Կամավոսյանի խոսքով` գյուղում ընտրությունները հաջող են անցել, առանց որևէ միջադեպերի: «Շատ խաղաղ, նորմալ ընտրություններ եղան: Որևէ մեկը դժգոհ չէր, ուր մնաց Հրանտ Գրիգորյանը պարտվելու համար փակեր մանկապարտեզը: Մեզ մոտ ամենաշատ ձայնն ինքն է հավաքել»,- ասաց գյուղապտը:
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է: Գյուղապետի խոսքով` մանկապարտեզի փակման պատճառը կուտակված պարտքերն են. «Ապրիլի 1-ից փակել ենք մանկապարտեզը, քանի որ անցյալ տարի ոչ մի կոպեկ գումար չէր հավաքվել կարկտահարության պատճառով: Հիմա արդեն գումարը հավաքվում է, մայիսի 1-ից հավանաբար նորից մանկապարտեզը կգործի»,-ասաց գյուղապետը: Նրա խոսքով` մանկապարտեզը չի կարող չգործել, քանի որ այնտեղ 100 երեխա է հաճախում. «12 հոգի են աշխատում, բոլորի աշխատավարձերը միասին 1.7 միլիոն դրամ է կազմում՝ յուրաքանչյուր ամսվա համար»:
Նշենք, որ գյուղացիների խոսքով` Հրանտ Գրիգորյանն անջատել է նաև փողոցային լուսավորությունը: «Գյուղի լուսավորությունն անջատվել է, որովհետև բարեկարգում ենք: Փողոցային լուսավորություն չունենալու պատճառն էլ այն է, որ գյուղում ծառ էին կտրել, ընկել էր լամպերի վրա և մոտ 30 լամպ այրվել էր: Դրա համար էլ հիմա փողոցային լուսավորություն չունենք»,- պարզաբանեց գյուղապետը: