«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի մեղադրանքը ծանրացվել է. նա մեղադրվում է նաև պատանդ վերցնելու, զենք հափշտակելու և գույք ոչնչացնելու մեջ
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի մեղադրանքը ծանրացվել է:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
«Արամ Մանուկյանի մեղադրանքը ծանրացվել է, այժմ Արամ Մանուկյանը մեղադրվում Քրեական օրենսգրքի հինգ հոդվածով: Այժմ բացի այն, որ Արամ Մանուկյանը մեղադրվում էր ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ավելացել է նաև 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետը, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: