Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
ՄիջազգայինՌԴ Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված առարկան, որը, սակայն, պայթել է և տղամարդուն զրկել մի քանի մատներից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Տղամարդը ճանապարհից կասկածելի առարկա է բարձրացրել, որը պայթել է, պոկվել են նրա մատները, նա նաև ստացել է որովայնի շրջանում վնասվածք»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ վիրավորը հոսպիտալացվել է:
ТАСС-ի աղբյուրի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցներից մեկի մոտակայքում: Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ աշխատում են հատուկ ծառայություններ:
Ռուսաստանի ազգային գվարդիայի Հյուսիսկովկասյան շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը եղել է լապտերի տեսքով:
«Անօթևան տղամարդը Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 6:30-ին փաթեթ է գտել և որոշել է ստուգել դրա պարունակությունը, այդ թվում նաև այնտեղ գտնվող լապտերը»,- ասել է ծառայության ներկայացուցիչը: