Սամվել Բաբայանի հետ կալանավորված Ս. Գաբրիելյանի նկատմամբ մարտի 24-ից հետո որևէ քննչական գործողություն չի իրականացվել.պաշտպան
ՀասարակությունՄաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված երեք անձանցից մեկի` Սանասար Գաբրիելյանի նկատմամբ մարտի 24-ից հետո որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Աղաջանյանը. «Իմ պաշտպանյալի նկատմամբ մարտի 24-ից հետո որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել»:
Հարցին,թե ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել, պաշտպանն ասաց, որ տեղեկություններ չունի. «Չեմ կարող ասել, հնարավոր է` այլ գործով են զբաղված և մեզ անտեսել են»:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԼՂ պաշտպանության բանկի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Նրա հետ կալանավորվել էր նաև Սանասար Գաբրիելյանը, մյուս անձի ինքնությունը դեռ հայտնի չէ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ նշելով, որ անձինք կալանավորվել են Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նշենք, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել էին Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու՝ Ռոբերտ Ա.-ին: