Ամերիկահայերն ԱՄՆ-ին կոչ են արել Հայաստանին 40 մլն դոլարի օգնություն հատկացնել
ՀասարակությունԱմերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսական օգնության համար: Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավար Բրայան Արդունին Հատկացումների հարցերով ենթահանձնաժողովում ներկայացրել է հայերի հիմնական առաջնահերթությունները:
Նա, մասնավորապես, կոչ է արել Հայաստանին աջակցություն ցուցաբերել՝ որպես փախստակնների համար տարածաշրջանային անվտանգ գոտու, 20 մլն դոլար հատկացնել Ռոյս-Էնգելի՝ խաղաղության աջակցության նախաձեռնության իրականացման, 11 մլն դոլար՝ Հայաստանի ռազմական օգնության, 8 մլն դոլար՝ Արցախի համար, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանին:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակումը, Ամերիկայի Հայկական համագումարը վճռականորեն աջակցում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում Հայաստանի երկրորդ պայմանագիրը:
Համագումարը նաեւ կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին, այդ թվում՝ անցած տարի ապրիլին աննախադեպ հարձակմանը, որն սկսվել էր 12-ամյա տղայի սպանությամբ եւ շարունակվել էր ԻԼԻՊ-ի ոճով հայ զինվորների սպանությամբ եւ տարեց մարդկանց մարմինների խոշտանգումներով: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտումները՝ Համագումարը Վաշինգտոնին կոչ է արել «դատապարտել նման գործողությունները եւ խուսափել կեղծ հավասարակշռության պահպանումից ագրեսորի եւ նրանց միջեւ, ովքեր իրենց են պաշտպանում»: Ամերիկայի Հայկական համագումարը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի ռազմական ծախսերի ֆինասավորումը: Ամերիկան դա չի կարող իրեն թույլ տալ, իսկ Ադրբեջանին դա պետք չէ:
Արդունին կոնգրեսականներին կոչ է արել նաեւ այցելել Հայաստան եւ դիտել «Խոստումը» ֆիլմը: