Մալաթիայում տղամարդու դի է հայտնաբերվել` սեփական մեքենայի մեջ
Հասարակություն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տղամարդու դի է հայտնաբերվել: Ըստ տեղեկության՝ 70-ին մոտ տղամարդու դին հայտնաբերվել է կայանված մեքենաներից մեկի մեջ:
Նշված տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ նման ահազանգ Ոստիկանությունը ստացել է. «Ապրիլի 3-ին՝ ժամը 15:00-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:45-ին, շտապօգնության խումբը Անդրանիկի փողոցում՝ 113/7 հասցեում գտնվող մեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի»:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեքենայում հայտնաբերված տղամարդը 1952 թվականին ծնված Վ.Ս.-ն է, մեքենան պատկանել է նրան:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: