«Սասնա ծռերի» անդամի հետազոտության արդյունքները ՔԿՎ-ն պաշտպանին չի տրամադրում
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանին մինչ օրս չի տրամադրվել իր պաշտպանյալի՝ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում անցկացված հետազոտության արդյունքները: NEWS.am-ի հետ զրույցում Հայարփի Սարգայնը նշեց, որ մարտի 24-ին դիմել է ՔԿՎ եւ պահանջել հետազոտության արդյունքները, որոնք մինչ օրս իրեն չեն տրամադրվել. «Ուրբաթ օրն եմ դիմել, բայց մինչեւ հիմա չի տրամադրվել ինձ»:
Հայարփի Սարգսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ի առաջին պահանջը՝ Հովհաննես Հարությունյանի ներկայիս առողջական վիճակում շտապ բուժօգնություն տրամադրելն անտեսում է:
«ՄԻԵԴ-ն ընդգծել է վիրավոր ոտքին ուշադրություն դարձնել, բայց իմ պաշտպանյալը ներքին օրգանների հետ խնդիրներ ունի՝ աղիների մարսողության, երիկամների, լյարդի: Նա ներքին օրգանների ցավեր ունի, բայց չի ցավազրկվում, քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններում է գտնվում: Կառավարությունն արհամարում է ՄԻԵԴ-ի կողմից ներկայացված առաջին պահանջը, իսկ երկրորդ պահանջն էլ մեր եւ իրենց բժիշկների խմբի կողմից պետք է հետազոտության ենթարկվի եւ որոշվիի հետագա բուժումը, որը նույնպես անտեսվում է»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: