Գրպանահատները «գործ էին անցել» թիվ 26 եւ թիվ 63 երթուղու ավտոբուսներում
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 27-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Աբովյան փողոցի թիվ 52 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 56-ամյա Արամայիս Թ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամայիս Թ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում՝ ուղեւորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ուղեւորուհին 33-ամյա Հասմիկ Ա.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
***
Նույն օրը, ժամը 17.40-ին, նշված բաժանմունքի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Կարո Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտեր:
Կարո Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 63 երթուղու ավտոբուսի մի ուղեւորուհուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձը 68-ամյա Նելլի Ֆ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: