Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը բողոք է ներկայացնելու ընդդեմ «հայերի որսի» դուրս եկած թուրք ազգայնականի
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցությունից ընտրված պատգամավոր, ազգությամբ հայ Կարո Փայլանը վերջին օրերին այլազգիների, այդ թվում հայերի հանդեպ հնչած ատելություն պարունակող արտահայտությունների մասին բարձրաձայնել է խորհրդարանում։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, նա անդրադարձել է նաև Կարսի «Գաղափարի օջախներ» անվանումով ազգայնական կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի վերջին հայտարարություններին ու նշել, որ ինքը վերջինիս դեմ բողոք է ներկայացնելու։
Հիշեցնենք, որ «Գաղափարի օջախներ» անվանումով թուրքական կազմակերպության առաջնորդ Թոլգա Ադիգյուզելը սպառնալիքներ էր հղել Կարսի հայերի հասցեին այն բանից հետո, երբ ջազ - դաշնակահար Տիգրան Համասյանը ելույթներ է ունեցել Անիում, Աղթամարում:
«Հիմա մենք ի՞նչ պիտի անենք: Պիտի հայերի ո՞րս սկսենք Կարսի փողոցներում», - մասնավորապես ասել էր նա։
Խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Փայլանը հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում Թուրքիայում հայերի, միասեռականների և չինացիների հասցեին ատելություն պարունակող հայտարարություններ են հնչել։
Փայլանն ընդգծել է, որ այդ դեպքերի առնչությամբ դատախազությունը քալեր չի ձեռնարկել։ «Անպատիժ մնացած ատելության քարոզը դրա թիրախում հայտնված մարդկանց «աղավնու վախվորածության» է դրդում և նրանց հանդեպ հանցագործությունների իրականացման համար հիմք է նախապատրաստում»,-ասել է նա։