ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման հոբելյանին նվիրված կոնֆերանսին Երևանում կմասնակցի 45 երկրի պատվիրակ
ՄշակույթLurer.com–ը գրում է.
Երևանում հուլիսի 11-13-ը կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:
Կոնֆերանսի շրջանակում կկայանան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:
Կոնֆերանսին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: