Շուլցը ԵՄ անդամ-երկրներին կոչ է արել Թուրքիայի հետ հակամարտությունում միասնական դիրքորոշում մշակել
Ուշադրության կենտրոնումԵվրամիության որոշ երկրների ու Թուրքիայի միջեւ ճգնաժամը դրամատիկական է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունից երկրի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը:
Շուլցը կշտամբել է Անկարայի կառավարությանն այն հարցում, որ այն «միջազգային հարաբերությունները վերածել է նախընտրական քարոզարշավի»՝ հավելելով, որ նման սկզբունքները վտանգավոր է համարում:
Եվրախորհրդարանի նախկին նախագահը նաեւ Թուրքիային մեղադրել է «կուսակցա-քաղաքական մոտիվացված քարոզի մեջ»:
«Իմ կոչը թուրքական կառավարությանը՝ կառավարե՛ք սեփական երկրի տարածքում եւ բախումներ մի ստեղծեք արտասահմանում բնակվող ձեր քաղաքացիների միջեւ»,-հայտարարել է Շուլցը: Նա նաեւ կողմ է հանդես եկել այն բանին, որ ԵՄ անդամ-երկրները այդ հակամարտությունում միասնական դիրքորոշում մշակեն:
ԵՄ-ի եւ Անկարայի միջեւ ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ հանգստյան օրերին Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուին, ով մտադիր էր ելույթ ունենալ Ռոթերդամում գտնվող թուրքական հյուպատոսարանում: Վերջինիս ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Նիդեռլանդներում: Երկրից նաեւ արտաքսվել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Սայան Կայան: Տեղի իշխանությունները նրան «անցանկալի օտարերկրյա քաղաքացի» են հայտարարել: