ՌԴ-ն է այն ուժը, որը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը. Ալեքսանդր Ռար
Ուշադրության կենտրոնումԱրտաքին այն ուժը, խաղացողը, որը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մոսկվան է։ Այս մասին «Վալդայ» ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Վերջինս նշեց, թե ցավալի է, տխուր, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս շարունակվում է, իսկ Արևմուտքն իր մեջ ուժ չի գտնում ազդել հակամարտության վրա:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս տարածաշրջանից բավականին հեռու են, և Ռուսաստանն է այն ուժը, որը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,- ասաց Ալեքսանդր Ռարը՝ նշելով, որ հիմնահարցի կարգավորման մի քանի պահեր են եղել, որոնք բաց են թողնվել:
«Ցավոք, Գերմանիան էլ աչքաթող արեց ԵԱՀԿ-ում իր նախագահությունը»,- ավելացրեց Ալեքսանդր Ռարը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հակամարտության գոտում վերսկսվի ռազմական գործողությունների փուլը, ինչպես դա եղավ անցած տարվա ապրիլին, Ալեքսանդր Ռարը պատասխանեց, թե իր կարծիքով՝ միջազգային հանրության միջամտության արդյունքում կողմերը հասկանում են, որ պատերազմելը լուծում չէ և հարկավոր է որոնել փոխզիջումներ: