ՀԷՑ-ի 60 մլն դրամի տուգանքը նրա համար է, որ ցույց տրվի, թե ՀԷՑ-ի և ՀԾԿՀ-ի միջև որևէ գործընկերային հարաբերություններ չկան. տնտեսագետ
ՄամուլTert.am-ը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ-ին 60 միլիոն դրամի չափով տուգանքի նպատակը միայն նրա համար է, որպեսզի հասարակությանը ցույց տրվի, թե ՀԷՑ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև որևէ գործընկերային հարաբերություններ չկան. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նա հիշեցրեց իր հերթին ՀԷՑ-ի դատական հայցերն ընդդեմ «Նաիրիտ», «Վանաձոր քիմպրոմ» և «Գլենդել Հիլզ» ընկերությունների, որը ևս ըստ նրա՝ նույն տրամաբանության մեջ է:
«Ամեն մեկը փորձում է իր ճիշտը, կոպիտ ասած, առաջ տանի: Այնպես որ, ես այդ տուգանքին վերապահումով կմոտենայի, որովհետև դա իմ կարծիքով այդքան էլ խորքային չէ: Վերջին զարգացումները ցույց են տալիս և ՀԾԿՀ-ն և ՀԷՑ-ի միջև հակասությունների ի հայտ գալը ավելի շատ լրատվամիջոցների համար է, քան դրանք խորքային բնույթի խնդիրներով են պայմանավորված, այսինքն՝ ես մի քիչ արհեստական եմ դրան մոտենում, քան թե լրջագույն պատժաձև»,- ասաց նա:
Արտակ Մանուկյանը նշեց, թե ՀԾԿՀ-ն տուգանելով ՀԷՑ-ին ցանկանում է ցույց տալ, որ տեսեք ինչ լավ է աշխատում: «Ուզում են ասեն՝ տեսեք, որ մենք ամեն ինչ գտնում ենք, կարող ենք բարձրաձայնել խախտումները Բիբինի դեմ: Իսկ Բիբինն էլ իր համախոհներով ասում է, տեսեք, կան մեծ ընկերություններ, որոնք ինձ պարտք են եղել ու պետությունը ճնշել է, ու թույլ չի տվել, որ դատական հայցեր անել և հիմա եմ միայն դատական հայցի դիմում»,- ասաց նա: