Երեւանում ինքնասպանություն գործած 41-ամյա կինը պարտքերի պատճառով բնակարանը վարձով էր տվել
Ուշադրության կենտրոնումԵրեւանում մարտի 7-ին, նախնական տվյալներով, շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած կինը բազմաթիվ պարտքեր է ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին նրա հարեւանները: Նրանք նշեցին, որ 41-ամյա Վարդուհի Ս.-ն պարտքերի պատճառով իր բնակարանը վարձով էր տվել եւ արդեն երկար ժամանակ այլ տեղում էր բնակվում: Հարեւանների խոսքով, ինքնասպանություն գործած կինն ամուսնացած չէր, ապրում էր մենակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական: