«Նարեկի վիճակը մի քիչ թեթևացել է». նոր մանրամասներ՝ պայթյունի հետևանքով տուժած զինվորների մասին
Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով տուժած զինվորներից մեկի՝ Նարեկ Գրիգորյանի վիճակում փոքր դրական շարժ կա: Այս մասին Shabat.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Նարեկի վիճակը մի քիչ թեթևացել է, սակայն շարունակում է ծանր մնալ: Մի փոքր դրական շարժ կա, թթվածնի սարքը անջատել են»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք նաև, որ վիրավորված մյուս երկու զինվորների վիճակը լավ է. «Էրիկ Սահակյանը երևի շուտով դուրս կգրվի, Պերճ Գաբրիելյանը ևս երկար բուժման կարիք չի ունենա»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն: