ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները
HeaderՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերեշն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման առիթով եւ հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով վերջին բախումների մասին հաղորդագրությունների առիթով»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) ջանքերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի գիշերը միաժամանակ երկու՝ հարավ-արեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, հատուկ տեխնիկա եւ միջոցներ կիրառելով, հարձակման փորձ է ձեռնարկել:
ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կանխել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը երկու ուղղությամբ էլ եւ, հակառակորդին կորուստներ պատճառելով, շպրտել ելման դիրքեր: ՊԲ-ի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը զոհեր եւ վիրավորներ ունի: