Թալիշի ուղղությամբ հայկական կողմի հարձակման լուրն ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսեւորումն է. Սենոր Հասրաթյան
ՀասարակությունԹալիշի ուղղությամբ հայկական կողմի հարձակման լուրն ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսեւորումն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաեւ «չմոռացավ»՝ կողմերի միջեւ կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում եւ «կորուստներ կրելով հետ շպրտվել»:
Դե ինչ, ինչպես ասում են՝ երեւակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսեւորում»,- նշել է Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված էր Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում:
Փետրվարի 27-ի դրությամբ հակառակորդի 5 դիակները գտնվում են չեզոք գոտում: Ըստ պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաեւը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը: