Վրաստանի ԱԳ նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահը
HeaderՎրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեն, որը պաշտոնական այցով Բաքվում է, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, փոխանցում է «Գրուզիա On-line»-ը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի եւ Ադրբեջանի բարիդրացիական ռազմավարական հարաբերությունները:
«Դրանից զատ, նրանք քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությունը տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերի համատեղ իրականացմանը:
Կողմերը համաձայել են սերտ համագործակցությունը շարունակել տրանսպորտային հարավային միջանցքի զարգացման ուղղությամբ, որի մի մասն է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:
Նրանք քննարկել են նաեւ երկու երկրների համագործակցությունը ԵՄ-ի «Արեւելյան գործըկերություն» նախաձեռնության շրջանակներում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել 2 երկրների միջեւ բարձր մակարդակով երկխոսությունը պահպանելու եւ հարաբերությունների հետագա խորացման հարցում, նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: