Լարսի անցակետում աշխատանքային ժամը 3 ժամով ավելացել է՝ բեռների կուտակումներ թույլ չտալու համար
Ուշադրության կենտրոնումTert.am-ը գրում է.
Վերին Լարս անցակետում ՀՀ կառավարության խնդրանքով վրացական հատվածն ավելացրել է աշխատանքային ժամերը՝ 06.00-18.00-ի փոխարեն 06.00-21.00` թույլ չտալու համար բեռների կուտակումներ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը. «Ինչքան գիտեմ`Բեգլարյան Գագիկը զանգել է, Վրաստանի տրանսպորտի նախարարի հետ զրուցել է: Գոհ ու շնորհակալ ենք» ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայկական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են, որ Լարսի անցակետի վրացական հատվածում հայկական բեռներով բեռնատարներ են կուտակվել, քանի որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածն աշխատում է միայն ցերեկվա ժամերին, ինչն էլ նշված հատվածում հայկական բեռների կուտակման պատճառ է դարձել:
Հերբերտ Համբարձումյանը նկատեց նաև, որ վրացիները որպես առաջնահերթություն առաջինը բաց են թողնում ծիրանով և այլ շուտ փչացող ապրանքներով բեռնատարները:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ եղել են դեպքեր, որ ծիրանը փչացել է, ապա բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության նախագահը նկատեց. «Ո՞վ է ասում` Երևանից Մոսկվա ծիրան տանեք առանց սառնարան: Ո՞վ է ծիրանը առանց սառնարան արտահանել, ո՞նց եք պատկերացնում»:
Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահը սա կարևոր է համարում` հաշվի առնելով, որ այս տարի բերքը առատ է ու արտահանման ենթակա մեծ ծավալների գյուղմթերք կա: